«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի անտառում երկու համագյուղացիներ՝ հայր ու որդի Գուգո եւ Կամո Մանուկյանները, փայտի հարցի շուրջ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ հայր ու որդի Կարեն եւ Արմեն Սարիբեկյանների հետ: Բանը հասել է կացնով միմյանց հարվածելուն:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կացնով ծեծի ենթարկված Արմեն Սարիբեկյանի կնոջ՝ Գայանե Սարիբեկյանի հետ: Նրա պատմելով՝ գրեթե ամեն տարի իր ամուսինն ու որդին՝ Արմենն ու Կարենը, գնում են համայնքի անտառ ու ձմեռվա համար փայտ հավաքում. «Մենք անտառապահից օրենքով թույլտվություն ունենք եւ գրեթե ամեն տարի որեւէ խնդիր չենք ունեցել: Հավաքածն էլ չոր փայտ է: Երբ մերոնք հասնում են անտառ, նրանց ճանապարհը կտրում է մեր գյուղի Կամոն՝ իր երկու որդիների հետ, եւ ասում, թե՝ դու ստեղից փետ չես տանի, եւ սրանից էլ ամեն ինչ սկսվել է»:
Ըստ մեր զրուցակցի, Կամոն աչք է ունեցել այդ տարածքի չոր փայտի վրա եւ. «Սկսել են կռվել ու կացնի հակառակ՝ բութ մասով, Կամոն ծեծել է ամուսնուս եւ որդուս: Անտառապահն այդ ժամանակ այդտեղ չի եղել: Ամուսինս ծեծի ժամանակ փորձել է զանգել ծանոթ մարդկանց, որ օգնության հասնեն, բայց բոլոր մեր ծանոթները շատ հեռու են եղել ու մինչեւ կհասնեին դեպքի վայր, ամուսինս փրկության համար շտապ զանգել է ՀՀ ոստիկանություն»:
Գայանեի խոսքով՝ ամուսինը՝ Արմենը, խուսափելով հնարավոր արյունահեղությունից, վերցրել է իր որդուն եւ փախել անտառ, թաքնվել: «Ամուսնուս ձեռքից ձին վերցրել են ու ձիերի վրա նստած՝ Կամոն ու իր որդին հսկել են ողջ անտառը, որ հանկարծ մերոնք չիջնեն գյուղ: Երբ ոստիկանությունը եկավ, նոր մերոնք կարողացան իջնել անտառից: Դա էլ դեռ քիչ է, մեր ձին էին տարել ու չէին տալիս: Անտառապահը գնացել, ասել է, թե վերադարձրեք այդ մարդու ձին: Նոր բերել, կապել են գյուղի մեջ, որից հետո կարողացել ենք գնալ, վերցնել»:








































