ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի բնակիչները ուրբաթ գիշերը ցույց են կազմակերպել՝ ի նշան բողոքի ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանության դեմ: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ ցուցարարներ փակել քաղաքի փողոցներից մեկը: Հավաքվածները դժգոհում են իշխանություններից: Ոստիկանությունը շրջափակել է ցույցի տարածքը: Անկարգությունների մասին տեղեկություն չի ստացվել:
Տեղական St. Louis Post-Dispatch թերթի հաղորդմամբ՝ անցած չորեքշաբթի օրը ծառայության մեջ չգտնվող ոստիկանը կրակելով սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Վոնդերիթ Մայերսին, երբ վերջինս առաջինն է կրակ բացել: Ոստիկանության ներկայացուցիչ Ալֆրեդ Աթքինսի խոսքով՝ սպան փողոցում կանգնեցրել է 4 հետիոտնի, որոնք հետո փորձել են փախչել: Այնուհտև երիտասարդը կանգնել է և կրակ բացել: Ի պատասխան՝ ոստիկանը կրակել է ու սպանել նրան: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը ոստիկանին կրակել է առնվազն 3 անգամ, ոստիկանը նրան՝ 17 անգամ:
Իրավապաշտպան մի քանի կազմակերպություններ և խմբեր ծրագրում են առաջիկա 3 օրերի ընթացքում բողոքի ակցիաներ կազմակերպել Սենթ Լուիսում և Ֆերգյուսոնում՝ հաղորդվում է ծրագրվող ակցիայի Ferguson October կայքում:
Բողոքողները պահանջում են ձերբակալել օգոստոսի սկզբին Ֆերգյուսոնում 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին սպանած ոստիկանին և ցանկանում են ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ վերաբերմունքին:









































