Այսօր կայանալիք ոչ իշխանական ուժերի եռյակի հանրահավաքից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մասնակցելու է հանրահավաքին, ինչպես նաև հայտարարեց, որ պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Հանրահավաքից առաջ Ծառուկյանի այս հայտարարությունները լիդերության ակնհայտ հայտ էին ոչ իշխանական ուժերի շրջանակում, ինչին եթե գումարում ենք նաև հանրահավաքից առաջ ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում լույս տեսած նրա հարցազրույցը, որն ակնհայտ ռևերանս էր Ռուսաստանին և նաև սրանով հանդերձ՝ ևս հայտ եռյակի լիդերության՝ ռևերանսն արվել էր հենց որպես լիդեր, ապա հանրահավաքից առաջ Գագիկ Ծառուկյանը ըստ էության ներկայանում է որպես գործընթացի հրամանատար, գործընթացի լիդեր:
Այս կապակցությամբ հետաքրքրական է իհարկե լսել ՀԱԿ-ի և «Ժառանգության» կարծիքները Գագիկ Ծառուկյանի այս լիդերության հայտի կապակցությամբ: ՀԱԿ-ի մասով, ըստ էության, շատ բան ասված է 2013 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի «68»-ի տեսությամբ, և եթե ՀԱԿ-ը այլ նախագահական թեկնածու չունի, ապա ըստ էության պետք է որ ոչինչ չունենա Գագիկ Ծառուկյանի թեկնածության դեմ:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղ ևս Ծառուկյանի թեկնածությանը պետք է որ դեմ չլինեն: Ի վերջո՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մի անգամ փորձել է, և եռյակի շրջանակում արդեն փորձելու հերթը բարոյական բոլոր իրավունքներով հենց Գագիկ Ծառուկյանինն է: Այնպես որ՝ և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը» պետք է որ լիովին հավանության արժանացնեն Ծառուկյանի թեկնածությունը և հենց այսօրվա հանրահավաքին էլ նրան հռչակեն ոչ իշխանական ուժերի միասնական թեկնածու:
Այս իրողությունը անկասկած էլ ավելի մեծ մոբիլիզացիոն էֆեկտ կունենա նրանց սկսած շարժման համար և այն կդարձնի առավել զանգվածային, քանի որ ներկայումս եռյակի շարժմանը էլ ավելի մեծ զանգվածների միանալուն խանգարում է այն հարցը, որ նախագահության թեկնածուների խնդիրը կարող է տարանջատել, պառակտել, բաժանել, տարակարծությունների տեղիք տալ եռյակի շրջանակում, հավակնությունները կարող են քանդել եռյակը:
Հանրահավաքից առաջ Ծառուկյանի հայտարարություններին հանրահավաքի ընթացքում իսկ աջակցություն հայտնելն ըստ էության կապահովի եռյակի հաջողության կեսը, և եթե Գագիկ Ծառուկյանի թեկնածության շուրջ լինի ոչ իշխանական ուժերի համախմբումը արդեն այսօրվանից, ապա հասարակությունը կստանա առանցքային հարցերի պատասխաններից մեկը, և մարդիկ կտեսնեն, որ եռյակը իրականում միասնական է ոչ միայն իշխանափոխության, այլ նաև իշխանության ձևավորման հարցում, և եռյակին չի սպառնում իշխանական դիրքերի հարցը պառակտմամբ, նախագահական թեկնածուի հարցը անձնական հավակնություններից բխող բաժանումներով:
Սա այն է, ինչ օգտագործում են եռյակի ընդդիմախոսները՝ որպես ոչ իշխանական ուժերի աքիլլեսյան գարշապար, և այսօր հանրահավաքին նրանք կարող են ընդդիմախոսներին ցույց տալ՝ սատարելով Ծառուկյանի թեկնածության հեռանկարը, որ իրականում իրենց գարշապարը բոլորովին աքիլլեսյան չէ՝ ոչ աքիլլեսյան է:









































