Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իր երկիրը Սիրիայում ռազմական գործողություն չի սկսի առանց մյուս երկրների աջակցության, հաղորդում է Agence France-Presse–ը։
«Իրատեսական չէ սպասել, որ Թուրքիան ինքը ցամաքային գործողություն կանցկացնի»,- հայտարարել է Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենսո Ստոլտենբերգի հետ հանդիպմանը։
Դրանից բացի, Թուրքիան շարունակում է պնդել Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացման վրա։ Չավուշօղլուի խոսքերով՝ խաղաղությունը Սիրիայում չի կարող վերականգնվել Ասադի օրոք։
Միաժամանակ, նախարարը նշել է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետության» (ԴԱԻՇ) դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածները բավարար չեն ոչնչացնելու համար տարածաշրջանում իսլամական սպառնալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական խորհրդարանը թույլատրել է բանակի օգտագործումը ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի համար, սակայն զորքերը Սիրիա չեն մտցվել։










































