ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում կարող է մահաբեր սպառազինություն մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Շոլեյը Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Պորոշենկոն մեզնից խնդրել է մահաբեր օգնություն: Մենք որոշել ենք այն չտրամադրել այս փուլում: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, որը կարող է տանել նաև մահաբեր օգնության մատակարարման»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև ճնշում է գործադրում իր գործընկերների վրա, որպեսզի նրանք օգնեն Ուկրաինային:
«Մենք Ուկրաինային չենք թողնում բախտի քմահաճույքին: Մենք նաև աշխատում ենք ուկրաինական ռազմածովային ուժերի վերականգնման ուղղությամբ: Մենք ցանկանում ենք Ուկրաինան և նրա բանակն ուժեղ տեսնել»,- ասել է նախարարի օգնականը:
Նա նշել է, որ միայն այս տարի 116 մլն դոլարի օգնություն է տրամադրվել՝ զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, համազգեստներ և այլն:










































