Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հերթական անգամ ամենամյա ընդունելություն է անցկացրել գործարարների շրջանում և նրանց խոստացել օրենքի երկիր, արդար դատարան և այլն:
Ինչքան էլ հանրությունը տարված լինի ներքաղաքական խաղերով, միևնույն է` բոլորս հասկանում ենք գործարարության կարևորությունը Հայաստանի համար: Ի վերջո` գործարարությունը մեր երկրում արդյունք ստեղծող այն խավն է, որի վրա է պահվում ամեն ինչ: Ընդ որում, գործարարությունը լայն` ոչ միայն օլիգարխիական, կամ ավելի շուտ իրական իմաստով, որովհետև օլիգարխը գործարար չէ, պաշտոնյայի տանիքի տակ աշխատողը գործարար չէ: Տանիքներով և իշխանական լծակներով գործարար կարող են լինել բոլորը:
Գործարարը Հայաստանում նա է, որը ոչ մի հավելյալ լծակներ, ոչ մի արտոնյալ պայմաններ չունի և միայնակ մաքառում է օրենքի շրջանակում` փորձելով պահել իր բիզնեսը: Եվ երբ այս մարդիկ լսում են հավաստիացումներ օրենքի երկրի և արդար դատական համակարգի մասին, պարզապես նրանց ծիծաղն է գալիս, որովհետև մինչ Սերժ Սարգսյանը մի որոշ շերտի հրավիրում է նախագահական նստավայր ու նման խոստումներ է տալիս տոնական սեղանների շուրջ, արտոնյալ շրջանակից դուրս գործարարները իրենց մոտ ընդունում են տարեմուտյան ախորժակով հարկայիններին, որոնք գալիս են վերջին կոպեկը քամելու` շանտաժով, ահաբեկելով, սպառնալով:
Մինչ Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ գործարար միջավայրի բարելավման խոստումներ է շռայլում, հարկային տեսուչները իրենց աշխատանքային առօրյայով ամբողջ ուժով պարզապես ապականում են այդ միջավայրը և Տարեմուտից առաջ գործարարների մոտ առաջացնում են ոչ թե դրական ու լավատեսական էմոցիաներ, այլ պարզապես երկիրը թողնելու, երկրից հեռանալու անհագ ցանկություն:
Սերժ Սարգսյանը չգիտի՞ այդ մասին: Հազիվ թե չիմանա: Գիտի, այդ պատճառով է օրենքի և արդարադատության խոստումներ տալիս: Բայց, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն իմանալով այդ մասին` այնքան էլ լավ չի պատկերացնում իր իմացածը, այնքան էլ լավ չի պատկերացնում այն իրականությունը, որը փոխելու մասին խոսում է: Միգուցե Սերժ Սարգսյանը չի էլ ուզում պատկերացնել, և այդպես ավելի լավ է, որովհետև եթե պատկերացնի այն ամբողջ իրավիճակը, որը փոխելու մասին ելույթներ է ունենում, ապա երևի թե ինքն առաջինը կսկսի ամաչել իր ելույթներից և այլևս պարզապես անկարող կլինի որևէ բառ արտաբերել:
Մինչդեռ ամեն ինչ սկսում է հենց պատկերացնելուց, ամբողջական ընկալումից, թե ինչն ես ուզում փոխել: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը Տարեմուտի սեղանների շուրջ գործարարներին ընդունելու փոխարեն` պարզապես ինքը գնա նրանց մոտ և փորձի տեսնել ու հասկանալ վիճակը հենց նրանց հետ անմիջական զրույցներում: Փոքր ու միջին մեկ գործարարի հետ զրույցից հետո նա երևի թե ավելի շատ բան կհասկանա, քան տասը խոշոր գործարարի հետ խոսելիս:
Միևնույն ժամանակ, փոքր ու միջին մեկ ձեռնարկատիրոջ հարցերը նրա համար շատ ավելի դժվար պատասխանելի կլինեն, քան 100 խոշոր գործարարների հարցերը:
Սակայն սա է փոփոխությունների ճանապարհը, դրանցով անցնելու անկեղծ ցանկության դրսևորումը: Երկիրը չի կարելի տեղավորել նախագահական նստավայրի տոնական սեղանների շուրջ: Պետք է դուրս գալ այդ սեղաններից, եթե ուզում եք երկիրը դուրս բերել առկա վիճակից:
Բիզնեսի համար Հայաստանում վաղուց տոն չէ՝ իրական, ոչ արտոնյալ, օրինական, քրտնաջան բիզնեսի համար, որը գոյություն ունի ոչ թե որևէ պաշտոնյայի կամքով, քմահաճույքով, հովանավորությամբ կամ քավորությամբ, այլ բացառապես սեփական մտքի և կամքի շնորհիվ: Այդ բիզնեսի համար Հայաստանում տոն չէ ու չի լինի, որովհետև գոյության գրեթե նախնադարյան պայքար է` պարզապես տեսուչների և կամակատար դատավորների ժամանակակից հանդերձանքով:







































