News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր չէ հաջորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը.
«Ես մտադիր չեմ նախագահ դառնալ: Նախագահական ընտրություններից հետո դուք կիմանաք, թե ինչպիսի լիազորություններ ու գործառույթներ է ունենալու նախագահը: Եվ, ընդհանրապես, ես մտադիր չեմ փոխել իմ պաշտոնը, ես կլինեմ այնտեղ, որտեղ պետք կլինեմ իմ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրությունում կատարված ուղղումների արդյունքում 2013 թվականի նախագահական ընտրություններում իշխանությունը փաստացիորեն անցնելու է խորհրդարանին ու կառավարությանը: Նախագահը ձևականորեն թեկնածուներ է առաջարկելու վարչապետի պաշտոնին, սակայն առաջարկելու է միայն խորհրդարանի ներկայացրած անձանց թեկնածությունները:
Նախագահը չի կարողանալու հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, գումարել խորհրդարանի արտահերթ նիստեր, դադարեցնել կամ չեղյալ հայտարարել կառավարության իրավական ակտերը և այլն: Ի դեպ, չի բացառվում է, որ նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն լինի պաշտպանության ներկայիս նախարար և փոխվարչապետ Իրակլի Ալասանիան:









































