Աֆղանստանում մահացել է ԱՄՆ-ի ռազմա-ծովային ուժերի «ծովարջեր» ստորաբաժանման հրամանատար Ջոբ Փրայսը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը:
Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ հրամանատար Ջոբ Փրայսը մահացել է ոչ մարտական վերքերից Աֆղանստանի կենտրոնական մասում՝ Ուրուգզանի մարզում:
«Ներկայում այս պատահարը հետաքննվում է»,- նշվում է հաղորդագրությունում:
Կասկածներ կան, որ Փրայսը կարող է ինքնասպանություն գործած լինել: Այն բանից հետո, երբ շաբաթ օրը հրամանատարը չի ներկայացել սպաների հետ հանդիպմանը, գործընկերները նրան մահացած են հայտնաբերել բնակարանում:
ԱՄՆ-ի ՌԾՈւ հատուկ գործողությունների ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Լլոյդը հրաժարվել է մեկնաբանել Փրայսի մահվան պատճառը՝ հայտարարելով, որ հետաքննություն է ընթանում:
Հաղորդվում է, որ Փրայսն ամուսնացած է եղել, ուներ մեկ դուստր:









































