Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Այդ տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելին:
Մի անգամ նրան են դիմել State Mutual Life Assurance Company of America ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով ստեղծել վառ ու հիշվող մի խորհրդանիշ՝ որպես ընկերության այցեքարտ:
Հարվին երկար չմտածեց՝ առաջարկելով պատվիրատուներին այն, ինչ այսօր բոլոր օգտատերերն առանց բացառության «սմայլիկ» են անվանում՝ ժպտացող դեղին մռութը:
Դա տեղի է ունեցել 1963-ին: Պատվիրատուներն ընդունեցին աշխատանքը, վճարեցին Բելին 50 դոլար, այդ պատկերով կրծքանշաններ պատվիրեցին ու բաժանեցին ամբողջ անձնակազմին: Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները: Հաճախորդները հիացած էին նորամուծությունից, ու ընդամենը մի քանի ամիս անց արտադրվեց ավելի քան 10 հազար կրծքանշան:
Շատ շուտով այդ մռութը հայտնվեց մարզաշապիկներին, բացիկների ու լուցկու տուփերի վրա, նույնիսկ ԱՄՆ փոստային վարչությունն այդ խորհրդանիշով նամականիշ թողարկեց:
Առաջին անգամ Ժպիտի համաշխարհային օրը նշվել է 1999-ին: Նկարիչը համարում էր, որ այդ օրը պետք է նվիրվի լավ տրամադրությանը: Օրվա կարգախոսն է՝ «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ ժպիտ հայտնվի»:
Այդ օրվանից այն նշվում է ողջ աշխարհում՝ տարբեր ակցիաներով ու ֆլեշմոբերով: