«Էվերթոն»-ի ակադեմիայի մարզիչ Միկ Օ’Բրայենը մեղադրվում է կանանց թիմի դարպասապահ Դենիել Հիլլին ծեծի ենթարկելու մեջ: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել Ծննդյան տոներին նվիրված երեկույթի ժամանակ:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկ Հեյթլիի 24-ամյա բարեկամուհին ոստիկանություն է դիմել, այնուհետև հիվանդանոց է գնացել` դեմքի թեթև վնասվածքներով:
Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է վարում, իսկ «Էվերթոն»-ի ղեկավարությունը միջադեպի ներքին հետաքննություն է սկսել:
Նշվում է, որ միջադեպի երկու մասնակիցները հեռացվել են աշխատանքից` մինչ մանրամասների պարզաբանումը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել:





































