Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.
2013-ի փետրվարի 18-ի Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ծառուկյանը չեն առաջադրվի, իսկ մնացածը լուրջ չեն: Սերժ Սարգսյանը, չունենալով ծանրակշիռ մրցակից և ունենալով ահռելի ռեսուրսներ, կլինի թերևս առաջին նախագահը, որը (չհաշված ԼՏՊ-ի առաջին ընտրությունները) չի ունենա լեգիտիմության սուր պակաս: Ցնցումներ, ճգնաժամեր, բախումներ նույնպես չեն լինի:
Բայց արդյոք սա երաշխիք է, որ Հայաստանը հաջորդ 5 տարիներին կգնա առաջ: Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ: Առաջին ճանապարհը այսօրվա կուրսը պահելն է: Իշխանություները կդառնան ավելի ավտորիտար, անհանդուրժող, վարչահրամայական ուղղաձիգը կլինի առավել իմպերատիվ: Ամեն ինչ կարվի միմիայն հարստանալու, մրցակիցներին ոչնչացնելու և վերարտադրվելու համար: Ձեռքի հետ էլ մի քանի օպերներ կձեռբակալվեն և մի քանի հարկայինի օֆիսներ կվերանորոգվեն: Արդյունքում այն ցնցումները, որ իշխանությունը չի ստանա այս ընտրություններին, կրկնակի կստանա հաջորդին:
Ճանապարհ երկրորդ: Սերժ Սարգսյանը կգնա իրական բարեփորեփոխումների: Իսկ դրա համար շատ պարզ բաներ են անհրաժեշտ: Իշխանությունն առաջին 20-յակը պետք է սպասարկի ոչ թե սեփական, այլ հանրային շահը: Օրինակ, հրաժարվի խոշոր բիզնեսների սեփական բաժնից, վերացնի մոնոպոլիաները, սանձի իր բարեկամությանը, բոլորի համար սահմանի խաղի հավասար կանոններ: Պետք է դադարի սեփական ՙպոլի փեդերին՚ տարբեր մակարդակի ընտրություններում փողով, ուժով հաղթեցնելու պրակտիկայից, խթանի ազատ մրցակցությունը քաղաքական և տեղական ինքնակառավարման ընտրություններում: Եթե իշխանության առաջին 20 անձերը իրենց զրկեն արտոնյալի կարգավիճակից, նրանց այլևս պետք չեն լինի կամակատար դատավորներ, և իրավապահ համակարգում շոշափելի բարեփոխում անելը կլինի ավելի դյուրին:
Այս բարեփոխումները ի վերջո իշխանությանը հաջորդ ընտրություններում կզրկեն փողի, ուժի ավանդական ռեսուրսներից՝ առայսօր վերընտրվելու միակ երաշխավորված միջոցից: Փոխարենը իշխանությունը կունենա հարգանք և առաքելություն:








































