«Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ համագումարում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում ասաց. «Մենք մեր խոսքի տերն ենք, ասել ենք, որ սատարում ենք Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ կսատարենք մի մարդու պես»:
ՕԵԿ ղեկավարը նշեց, որ իրենք ՀՀԿ հետ փորձություններ են անցել, ունեն համատեղ նպատակներ, քաղաքական ծրագիր։ Նրա խոսքով՝ հինգ տարիների կատարած համատեղ աշխատանքը հիմք է տալիս պնդել, որ երկիրը կարողացավ անցնել լուրջ փորձությունների միջով:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանը առաջ է գնում իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ: Նա շեշտեց, որ իրենք պայքարում են փոփոխությունների համար և վստահ են, որ իրենց քաղաքական գործընկերների հետ ծրագրերը առաջ կտանեն՝ «դանդաղ շտապելով առաջ գնալու ժամանակն է»:
«Ուզում ենք, որ այս ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան: Մեր երկու կուսակցությունները ունեն մեծ ներուժ, մեր թեկնածուն ունի ռեալ հնարավորություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձևով ընտրվելու նախագահ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններին ակտիվորեն ներգրավված է լինելու քաղաքական և կազմակերպչական բնույթի աշխատանքներին, շտաբային, քաղաքական և քարոզչական աշխատանքներին և իր ծանրակշիռ ներդրումը կունենա:
Ավելի ուշ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին:









































