Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով` սահմանված ժամկետում և սահմանված կարգով Աննա Մնացականյանը նշանակվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն: «Առաջին լրատվական»-ին այս մասին հաղորդեցին ԿԳ նախարարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից:
Ի դեպ, մյուս երկու թեկնածուները՝ «Հայբուսակ» համալսարանի դոցենտ Արմեն Հարությունյանը և քոլեջի դասախոս Դավիթ Դավթյանը, բողոքարկել էին ընտրությունների արդյունքները: Բողոքարկման հանձնաժողովը հանդիպել է երկու թեկնածուներին էլ, լսել նրանց հիմնավորումները, և եզրակացությունից հետո նախարարությունը կատարել է նշանակում:
Քոլեջի նորանշանակ տնօրեն Աննա Մնացականյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի հարսն է և քոլեջի նախկին տնօրեն Նարեկ Առուշանյանի այրին, մեզ հետ զրույցում նշեց, որ 750 ուսանողներից մոտ 80 ուսանողներ են պայքարում իր դեմ: Աննա Մնացականյանը ասաց, որ իր գերդաստանը` բոլոր շերտերով, բոլոր սերունդների մակարդակով, ուսումնասիրվել է, պետք է ուսումնասիրել նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Պողոսյանին՝ ինչու է այդքան շահագրգռված:
«Միայն այն փաստը, որ նա Թերլեմեզյանի շրջանավարտ է, ես չեմ համարում նրան թերլեմեզյանցի»,- հավելեց նորանշանակ տնօրենը:
Այսօր քոլեջի դասախոսները Ալվարդ Պետրոսյանից պահանջել են ներողություն խնդրել 2012 թ.-ի նոյեմբերի 17-ին «Առավոտ» թերթում տպագրված այն արտահայտության համար, ըստ որի` «Եթե որևէ մեկը կարող է կանգնել ու ասել, որ բացի որդուցս, ինձնից ու հարսիցս` Թերլեմեզյանի ուսումնարանում որևէ մեկը մեխ է խփել պատին, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»:
Աննա Մնացականյանը նման մեկնաբանությունը համարում է զառանցանք, իսկ հայտարարության հետ կապված` խորհուրդ է տալիս իրենց դիմել:
Աննա Մնացականյանը բնական երևույթ չի համարում ընդվզումը, քանի որ, ըստ նրա, ոչ ադեկվատ ռեակցիաներ են. «Կոնկրետ նախաձեռնող խմբի նախագահի գրգիռները և արձագանքները համարում եմ ոչ ադեկվատ»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ առաջնային ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել նորանշանակ տնօրենը. «Առաջնահերթությունների մեջ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, որովհետև մեխանիզմը կոնկրետ գործել է և տվել է արդյունք, հիմա մեխանիզմը յուղելու խնդիր կա` տարբեր փոքրիկ վերաձևակերպումների, բաշխման մոտեցման հարցում, կարելի է ավելի արդյունավետություն և որակի ավելի բարձր չափանիշ ակնկալել: Վստահ եմ, որ հնարավոր է»:











































