Երկու Կորեաների վերամիավորման միակ տարբերակը երկու ռեժիմների համագոյակցությունն է համադաշնության սկզբունքով, այլ սցենարները ռեալ չեն: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Լի Սու Յոնին:
«Հարավային Կորեան պետք է մի կողմ դնի Կորեական թերակղզու վերամիավորման անիրական սցենարների մասին խոսակցությունները և երազանքները: Վերամիավորման միակ հնարավոր ձևը համադաշնությունն է, որը ենթադրում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ռեժիմների գոյությունը»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ելույթ ունենալով հայտարարել է Լի Սու Յոնը:
Նա նաև նշել է, որ թերակղզում միջուկային խնդրի լուծումը կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ երկրի «ինքնիշխանության և գոյության իրավունքի նկատմամբ սպառնալիքը» կչեզոքացվի: Նրա խոսքերով` հենց ԱՄՆ-ի կողմից «թշնամությունը և միջուկային շանտաժը» պատճառ դարձան Հյուսիսային Կորեայում միջուկային զենք ստեղծելու որոշման համար:









































