Դե երևի սխալներ լինում են, բայց ես չեմ կարծում, որ դրանք միտումնավոր արված բաներ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, քաղաքային պանթեոնում մեզ հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում վաստակավոր կոչումներ շռայլելով, արդյոք չեն վարկաբեկվում այն կոչումները, որոնք ստացել են իսկապես արժանավորները: «Ուղղակի ինչ-որ մեկի նկատմամբ բարություն դրսևորելու համար երբեմն արժանիքները չեն համապատասխանում տվյալ կոչումներին: Այդպիսի սխալներ եղել են շատ վաղուց, հիմա էլ կան, ներողամիտ լինենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը, որը շատ բուռն հակազդեցություն առաջացրեց հասարակության շրջանում, ՀՀԿ-ական կոմպոզիտորն ասաց. «Եթե մենք ամեն ինչի նկատմամբ լինենք թերահավատ և ամեն ինչի նկատմամբ տրամադրված լինենք միայն բացասական, մենք երբեք լավ բանի չենք հասնի, որովհետև չափանիշը դառնում այն, թե որն է ավելի վատ: Եկեք վատի մասին խոսենք, վատը, վատը, վատը և դրա համար աչքներս փակվում է և լավ բաներն էլ չենք նկատում: Ի վերջո, եղել է դատաքննություն, ես ինձ իրավունք չեմ վերապահում հաստատել այն, ինչի մասին ես լավատեղյակ չեմ: Եթե ինչ-որ սխալներ կան, դրանք էլ կբացահայտվեն, կպարզվեն: Արհեստականորեն ստեղծված հասարակական կարծիքը, իսկ դա ստեղծելը շատ հեշտ է, որովհետև բոլորը հակված են ինչ-որ մի վատ բան լսելու և տարածելու, և երբ 10 հոգի մի բան է ասում, 100-ը կրկնում են, 1000-ն էլ հավատում են դրան, դա արդեն շատ վտանգավոր երևույթ է»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, սյունեցիները դրական չեն արտահայտվում Սուրիկ Խաչատրյանի մասին, Մարտին Վարդազարյանն արձագանքեց. «Բոլոր սյունեցիների՞ն եք հարցրել: Հարցրել եք այն հատվածին, որը շահագրգռված էր նման պատասխաններ տալու: Ես ինձ իրավունք չեմ վերապահում այդ հարցում վերջնական վճիռ կայացնել: Նաև կարծում եմ, որ իմ նկատմամբ ուրիշներն էլ այդ իրավունքը չունեն: Վերջին հաշվով ասված է. «Մի դատիր, որ չդատվես»։








































