Չնայած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր կուսակցության հետ բավական ճանապարհ է անցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այսօր կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել: Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ը լքեց ամիսներ առաջ՝ Տեր-Պետրոսյանի մարտավարության հետ անհամաձայնության պատճառով: Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից պարզել, թե ինչն է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավեր չի ուղարկվել: Ի դեպ՝ ՀԱԿ որոշ գործիչներ, այնուամենայնիվ, հրավիրվել են:
– Պարոն Զեյնալյան, որքան մենք տեղյակ ենք, Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել «Հանրապետության» համագումարին, կարո՞ղ ենք իմանալ՝ ինչն է պատճառը:
– Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին՝ ինչու չի հրավիրվել: Չենք հրավիրել: Եվ դա չի կարևոր՝ ում ենք հրավիրել, ում չենք հրավիրել: Բացարձակ նշանակություն չունի: Կարևորն այն է, թե ինչ է ասվելու համագումարում, ովքեր են ընտրվելու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ:
– Այսինքն` թե համագումարն ինչ ներկայացուցչական կազմ կունենա, ովքեր ներկա կլինեն, կարևոր չի՞:
– Բոլորովին, բոլորովին կարևոր չի, թե ովքեր են հրավիրված լինելու համագումարին:
– Լևոն Տեր-Պետրոսյանի հետ տարաձայնություններն այդքան խո՞րն են, որ նրան հրավեր չի ուղարկվել կամ նրա ներկայությունը չի կարևորվել:
– Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին: Ուրիշ հարց եթե կա, խնդրեմ:
– Եթե Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին ձեր համագումարին չեք հրավիրել, նշանակո՞ւմ է, եթե ինքն առաջադրվի, դուք չեք սատարի իրեն:
– Ես չեմ կարող Ձեր ենթադրություններին աջակցել կամ չաջակցել: Դրանք ենթադրություններ են ուղղակի:
– Որքան տեղյակ ենք՝ ՀԱԿ-ից հրավիրել եք Ստեփան Դեմիրճյանին ու նրա կուսակցությանը: Ինչո՞ւ եք հենց նրանց հրավիրել:
– Ստեփան Դեմիրճյանի և ՀԺԿ-ի հետ մեր հարաբերությունները լրիվ այլ են և հրավիրել ենք իրենց:
– Իսկ ՀԱԿ-ից կա՞ն այլ կուսակցություններ, որ հրավիրել եք:
– Վաղը համեցեք մեր համագումարին և կտեսնեք, թե ովքեր են հրավիրված և ովքեր՝ ոչ:
– Իսկ համագումարի օրակարգում ի՞նչ հարցեր են դրված:
– Օրակարգում հետևյալն է. կուսակցության հաշվետու զեկուցումն է լինելու, լինելու է վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը: Լինելու է քաղաքական խորհրդի կազմի ընտրություններ և դիրքորոշում է հայտնվելու առաջիկա անելիքների վերաբերյալ:
– Հնարավո՞ր է նախագահի որևէ թեկնածուի սատարում: Այսօր արդեն Հրանտ Բագրատյանն է հայտարարել իր թեկնածության մասին: Հնարավո՞ր է սատարեք Հրանտ Բագրատյանին:
– Իսկ ինչից ենթադրեցիք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ինչ-որ որոշում է ընդունելու, որը կապված չի սեփական թեկնածու առաջադրելու հետ: «Հանրապետություն» կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, և որոշումները նա է ընդունելու: Վաղը պարզ կդառնա՝ ինչ որոշում կընդունի «Հանրապետություն» կուսակցությունը:
– Ասել է թե՝ հնարավոր է Դուք սեփական թեկնածուո՞վ հանդես գաք և այդ թեկնածուն լինի Արամ Սարգսյանը:
– Ես չեմ կարող համագումարի փոխարեն որևէ բան ասել հիմա: Համագումարը ինքը կորոշի՝ ինչ է անելու առաջիկա նախագահական ընտրություններում:
– Իսկ հնարավո՞ր է ձեր թեկնածուն ՀԱԿ-ից դուրս եկած քաղաքական ուժերի միասնական թեկնածու լինի:
– Ես ուղղակի չբացառեցի ցանկացած լուծում: Ես լիազորված չեմ համագումարի անունից հայտարարություններ անել:
– Այլ թեկնածուի սատարման հարց կքննարկվի՞:
– Ցանկացած հարց լիազորված է քննարկել համագումարը:
– Լուրեր են շրջանառվում, որ «Հանրապետությունը» հնարավոր է սատարի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե սեփական թեկնածուով հանդես չգա:
– Ցանկացած լուծում հնարավոր է, որը որ ունակ է տալ «Հանրապետություն» կուսակցության գլխավոր ղեկավար մարմինը և կուսակցության համագումարը:









































