«Ճիշտ ապրելակերպի համար» միջազգային հիմնադրամը հայտարարել է համանուն մրցանակի, որը հայտնի է նաև որպես «Նոբելյան այլընտրանքային մրցանակ» անվանմամբ, դափնեկիրների անունները: Այս մասին հաղորդվում է հիմնադրամի պաշտոնական կայքում, գրում է RIA Novosti-ն:
Դափնեկիրների թվում է նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն իր հեղինակավոր մրցանակը կիսել է բրիտանական The Guardian թերթի խմբագիր Ալան Ռուսբրիջերի հետ: Մյուս երեք դափնեկիրներն են Աֆղանստանից կին-փաստաբան Ասմա Ջահանգիրը, Հոնկոնգից իրավապաշտպան Բազիլ Ֆերնանդոն և ԱՄՆ-ից հայտնի բնապահպան Բիլ Մաքքիբենը:
«Ճիշտ ապրելակերպի համար» մրցանակը հիմնադրվել է 1980 թ. լրագրող Յակոբ ֆոն Յակսուլի կողմից: Այն ամեն տարի հանձնվում է դեկտեմբերի 9-ին: Մրցանակային ընդհանուր գումարը 300 հազար դոլար է կազմում:
«Այս տարվա դափնեկիրները պարգևատրվել են տարածված ամենավտանգավոր միտումների դեմ պայքարելու համար: Մենք ցանկանում ենք աշխարհին շտապ հաղորդագրություն ուղարկել այն մասին, որ այդ միտումները՝ շարքային քաղաքացիներին զանգվածաբար լրտեսելը, մարդու և քաղաքացու իրավունքների խախտումը, հոգևորական հիմունքներով դաժան կառավարումը և մոլորակի կենսապահովման համակարգերի կրճատումը, այսօր չափազանց շատ են: Դրանց շարունակումը և աճը սպառնում է քաղաքակիրթ հասարակության հիմքերի տապալմամբ»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:








































