Ջրհեղեղի պատճառով սկսվել է Վրաստանի արևմտյան շրջանների բնակիչների տարհանումը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի այսօր տարածած հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ ներկայումս մի քանի տասնյակ ընտանիք է տարհանվել Շեքվեթիլի գյուղում: Ջրի մակարդակի բարձրացման պատճառով այդ շրջանում գետերը դուրս են եկել ափերից ու մի քանի գյուղ հեղեղել:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր Աջարիայում 5-բալանոց փոթորիկ է գրանցվել, որը հեղեղի վտանգ է առաջացրել Բաթումի ափամերձ շրջաններում:
Աղետի հետևանքների դեմ պայքարի համար սեպտեմբերի 23-ին հատուկ փրկարարական ծառայություններ են մոբիլիզացվել: Իրավիճակը բարդացնում է փոթորկոտ քամին՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Բաթումի մի շարք շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը: Ներկայումս այդ շրջաններում պատրաստվում են էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու աշխատանքներին:









































