ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հենց նոր իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է գրել, թե իր ղեկավարած «Ազատություն» կուսակցության համագումարը տեղի է ունենալու դեկլտեմբերի 24-ին ժամը 12։00, Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։
Նա գրել է, որ համագումարի օրակարգում կա իրեն որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:
«Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։
Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,- գրել է Հ.Բագրատյանը:








































