Թուրքիան չի փակի իր սահմանը Սիրիայի հետ՝ չնայած ԱՄՆ-ի կոչերին: Այս մասին թուրքական NTV և Star TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել էր, որ Թուրքիան պետք է փակի Սիրիայի հետ սահմանը և թույլ չտա իր սահմանով օտարերկրյա վարձկանների ելումուտը և նավթամթերքների մաքսանենգությունը:
«Անգամ խոսք չի կարող լինել այն մասին, որ մեր ժողովուրդը կփակի իր դռները ծանր իրավիճակում հայտնված մարդկանց առաջ: Մեզ մոտ կարող են գալ ցանկացած ազգության պատկանող մարդիկ: Մեր սահմանը փակել չի կարելի»,- ասել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ընդունում է բոլոր փախստականներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից և քաղաքական ու կրոնական հայացքներից:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 19-ից թուրք-սիրիական սահմանը հատել է շուրջ 138 հազար սիրիացի փախստական: Թուրքիայի տարածքում ընդհանուր առմամբ գտնվում է 1.4 մլն սիրիացի փախստական:








































