ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը կպայքարի այլ երկրներում գրանցվող կորպորացիաների կողմից հարկերի վճարումից խուսափելու պրակտիկայի դեմ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահի խոսքով՝ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն իրեն տեղեկացրել է առաջին քայլերի մասին, որոնք նախարարությունը ձեռնարկում է՝ թույլ չտալու ընկերություններին օգտվել կորպորատիվ ինվերսիայից (շրջում):
Օբաման նշել է, որ ամերիկյան խոշոր կորպորացիաները բացահայտ կիրառում են օրենսդրությունում առկա ճեղքը, ինչի հետևանքով երկրում հարկերն ամբողջովին չեն հավաքվում, իսկ ամերիկյան միջին դասը տուժում է աշխատավարձերի նվազեցումից:
Իր հերթին Լյուն հայտարարել է, որ վարչակազմը վճռական է տրամադրված: Նախաձեռնվող միջոցառումներից մանրամասներ չեն ներկայացվում:
Օբաման հայտնել է, որ Կոնգրեսի կողմից աջակցության բացակայության դեպքում ինքը կօգտվի գործադիր իշխանության հնարավորություններից՝ ներառյալ շուկաների կարգավորումը:
Օբաման կրկին Կոնգրեսին կոչ է արել աջակցել հարկային բարեփոխմանը, որը ներառում է կորպորատիվ հարկի նվազեցում՝ օրենսդրությունում ճեղքի միաժամանակյա վերացմամբ ու հարկային օրենսգրքի պարզեցմամբ:









































