Բրյուսելի դատախազությունը ստուգում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` LVMH կազմակերպության ղեկավար, ֆրանսիացի Բեռնար Առնոյի բիզնեսը, որը մասնագիտանում է լյուքս ապրանքների վաճառքում:
Ստուգումներն իրականացվում են Առնոյին բելգիական քաղաքացիություն տալու շրջանակներում, որի համար նա դիմել էր Բելգիայի իշխանություններին:
Դատախազությունում բազմաթիվ հարցեր են առաջացել` կապված Բելգիայում նրա հիմնադրած ֆիրմաների գործունեության հետ: Հետաքննություն իրականացնողները պարզում են, թե ինչու է Բրյուսելում Առնոյի բնակարանի հասցեով ավելի քան 10 բիզնես գրանցված:
LVMH-ի ղեկավարի խոսքերով՝ ինքը շարունակում է մնալ Ֆրանսիայի հարկատու, իսկ երկքաղաքացիությունը կօգնի Բելգիայում իր բիզնեսի ընդլայնմանը:
LVMH-ը հիմնադրվել է 1987 թ. Moet Hennessy և Louis Vuitton ընկերությունների միաձուլման արդյունքում: 2012 թ. Forbes-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 41 մլրդ դոլար:









































