Մի խումբ լրագրողներ դիմում-նամակ են պատրաստել ուղարկելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Դիմումի մեջ ասվում է.
Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձել է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Սակայն, դեռ լրագրողի հարցը չլսած` ՀՀԿ խմբակցության պատգամավորը ափերից դուրս է եկել. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Նշենք նաև, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով:








































