«Հայաստանում գործարար, ներդրումային դաշտը բարելավելու համար անհրաժեշտ է օրենքների մշակում: Չենք ասում՝ օրենքների պահպանում չկա, կան գեղեցիկ օրենքներ, բայց մենք այդ օրենքների գործածությունը կուզենք»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության ներկայացուցիչ Պողոս Քուրդյանը:
Նրա խոսքերով՝ բիզնեսի զարգացման համար Հայաստանում պետք է որոշ դյուրություններ լինեն, հարկային օրենսդրությունը բարելավվի, քանի որ երբ դրսից մեկը գալիս է, ներդում է անում, ապա շատ հաճախ խոչընդոտների է հանդիպում հատկապես իրավունքների հարցում:
Ամեն դեպքում, Հայաստանի ներդրումային դաշտը ձեզ վստահություն ներշնչո՞ւմ է, որպեսզի ներդրումներ անեք՝ հարցրինք Քուրդյանին: «Այո: Եթե ճիշտ, ճակատաբաց աշխատես, ապա հաջողության կհասնես: Իսկ եթե անօրեն աշխատես, ապա պատժի կենթարկվես: Նույնն էլ Լիբանանում է»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսում էր Հայաստանում ներդրումային դաշտի բարելավման մասին:










































