Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհդարանի Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Բուրհան Քուզուն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքական պատմության մեջ ամենամութ տարիները եղել են 1993-ը և 2007-ը:
Ընդգծելով, որ 1993 թվականին Թուրքիայում իրականացվել են բազմաթիվ քաղաքական սպանություններ ու մահափորձեր՝ Քուզուն ուշադրություն է հրավիրել 1993 թվականի ապրիլի 17-ին Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան վրա: Քուզուի խոսքերով՝ Օզալի կին Սեմրան պատմել է, որ ապրիլի 16-ի գիշերը Օզալն իրեն վատ է զգացել, և իրենք սրտաբան են կանչել.
«Այդ օրը Օզալը պառկել է քնելու ժամը 4-ին և արթնացել է ժամը 8 անց կեսին: Սակայն գիշերը ժամը 3-ին նրան «Կոլա» են տվել: Դա տված պաշտոնյաներից մեկը փախել է Կանադա, իսկ մյուսը՝ Հոնդուրաս»:
2007 թվականի հետ կապված՝ Քուզուն հիշատակել է Պետխորհրդի, «Ջումհուրիյեթ»-ի (թարգմանաբար՝ հանրապետություն) վրա իրականացված հարձակումները, Տրապիզոնում կրոնական առաջնորդի սպանությունը, Մալաթիայի դեպքերը («Զիրվե» հրատարակչատան սպանդը):









































