«Փարավոն» ռեստորանային համալիրում ավարտվեց «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը, որին հաջորդեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ազատամարտիկներին հյուրասիրելու արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
«Առաջին լրատվական»-ը Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե քանի անդամ ունի նորաստեղծ միությունը և ինչու չհամախմբվեցին ԵԿՄ շուրջ: Վերջինս նշեց, որ չի ուզում խոսել Երկրապահից, սա առանձնահատուկ կազմակերպություն է, որտեղ համախմբված են միայն առաջին գծում կռված ազատամարտիկները: «Նրանք բոլորը դուրս էին մնացել թե Երկրապահից, թե մյուս կազմակերպություններից, երկրում աչքաթող էին եղել, բայց հատկապես նրանք էին, որոնք իսկապես առաջին գծում են կռվել»,- ասաց Ռ. Գևորգյանը:
Հարցին՝ արդյոք սա չի՞ տրոհում ազատամարտիկների համայնքը, Գևորգյանը պատասխանեց, որ սա միավորող կազմակերպություն է, որտեղ ընդգրկված են 8 ռազմահայրենասիրական միություններ, սա տրոհում չէ:
Գևորգյանը նշեց, որ թեև իրենք ուզում էին համագումար անել Ազատության հրապարակում, սակայն Ծառուկյանն առաջարկեց այդ տեղը. «Մեր ազատամարտիկները վերջին 20 տարում իրավունք ունեին հրճվեին, և դա պարգևեց այն մարդը, որ բազում պարգևներ է արել»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն Ձեզ համար հեղինակություն է Գագիկ Ծառուկյանը, Ռ. Գևորգյանը նշեց. «Ամբողջ հայ ազգի համար է Ծառուկյանը հեղինակություն»:










































