Samsung-ի վնասներ կրող բջջային բիզնեսը սկսել է վերակազմավորվել: Հարավկորեական հսկայի առաջին քայլը կապված է աշխատակազմի կրճատման հետ:
Հարավկորեական Yonhap գործակալության տվյալներով՝ Samsung IT & Mobile Communications ստորաբաժանման գրեթե 700 աշխատակիցներ կտեղափոխվեն արտադրողի այլ դուստր ենթակառուցվածքներ: Անձնակազմի տեղափոխությունները մի քանի օր առաջ են սկսվել:
2014-ի երկրորդ եռամսյակում Samsung IT & Mobile Communications ստորաբաժանումը օպերացիոն շահույթի գրեթե 30% անկում է գրանցել: Ընդ որում, տարեկան կտրվածքով ամբողջ կորպորացիայի մաքուր շահույթը նվազել է 19,5 %-ով:
Գործակալության աղբյուրը հիշեցնում է, որ Samsung-ի բջջային ստորաբաժանման հնարավոր կրճատման մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ ընկերությունը վերադասավորել է ֆինանսներով, PR-ով, վաճառքի կառավարմամբ, արտադրությամբ զբաղվող իր կադրերին: Samsung-ը հերքում է IT & Mobile Communications-ում կրճատումների մասին լուրերը և նույնիսկ խոսում է ստորաբաժանման աշխատակազմի թվի ավելացման մասին:







































