Կենտրոնական հետախուզական վարչությունը մասամբ դադարեցրել է Արևմտյան Եվրոպայում իր գործընկերներին լրտեսելը: Այս մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել է ամերիկյան Associated Press գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ «դադարը տրվել է այն պատճառով, որպեսզի գնահատվի, թե գործընկերներին լրտեսելը որքանով է արդարացված»: ՀԿՎ-ն Արևմտյան Եվրոպայում իր հետախուզական գործունեությունը դադարեցրել է գրեթե երկու ամիս առաջ:
Գերատեսչության ղեկավարության գաղտնի կարգադրության համաձայն, ինչպես պնդում է գործակալությունը, ամերիկացի հետախույզներին արգելվում է միակողմանի գործողություններ իրականացնել, ինչպիսիք են արևմտաեվրոպական կառավարություններում աղբյուրների հետ հանդիպումները և նոր մարդկանց ներգրավելը:
«ՀԿՎ-ի աշխատակիցներին նախկինի պես թույլատրվում է հանդիպել արևմտաեվրոպական երկրների իրենց գործընկերների հետ, նրանց հետ համատեղ գործողություններ անցկացնել, ինչպես նաև նրանց համաձայնությամբ սեփական գործողություններ իրականացնել»,- նշում է գործակալությունը:
AP-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում ՀԿՎ-ի գործողությունների կասեցման պատճառը լրտեսական սկանդալն է, որն անցած շաբաթ ծագել է ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև:
Դրանից բացի, ինչպես նշում է գործակալությունը, ՀԿՎ-ի նման որոշման վրա ազդել է նաև Էդվարդ Սնոուդենի շուրջ ծավալված սկանդալը, ով ԶԼՄ-ներին տեղեկատվություն է փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսման գաղտնի ծրագրերի մասին:









































