Սեպտեմբերի 14-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) վերադարձել է հյուրախաղերից` հագեցած նոր տպավորություններով, ծանոթություններով, հետաքրքիր հանդիպումներով, դրամատիկ և երջանիկ պահերով և նոր հրավերներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Հայաստանի պետական կամերային նվագախմբից:
Նվագախումբը շրջագայության ընթացքում 8 համերգով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում՝ ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ:
Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված են եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախումբը համերգների ընթացքում համագործակցել է երաժիշտներ Անաստասիա Շապովալի (ջութակ) և Խավիեր Չաթիլոնի (թավջութակ) հետ:
Իր անկեղծ և յուրահատուկ ելույթով բոլորին հմայել է 14-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանը:
Համերգների կուլմինացիան սեպտեմբերի 7-ին Ժնևի Վիկտորիա Հոլում կայացած համերգն էր, որն անցկացվել է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտաս/Ասլամազյանի, Մոցարտի, Բախի ստեղծագործությունները:
Համերգի ավարտին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»՝ փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար:









































