Հարավային Կորեայում այսօր՝ տեղական ժամանակով ժամը 06:00-ին, սկսվել են երկրի 18-րդ նախագահական ընտրությունները: Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարն ընտրվում է միայն մեկ հնգամյա ժամկետով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Թեև ցուցակում 6 թեկնածու կա, սակայն իրական պայքարը ծավալվել է երկու հավակնորդների միջև: Նրանք են 60-ամյա Պակ Կին Հեն իշխող «Սենուրի» կուսակցությունից և 59-մյա Մուն Չժե Ինը, որն առաջադրվել է գլխավոր ընդդիմադիր ուժից՝ Միացյալ դեմոկրատական կուսակցությունից:
Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն է դարձել այն, որ պետության ղեկավարի պաշտոնին իգական սեռի ներկայացուցիչ է հավակնում:
Համաձայն հարցումների՝ երկու հիմնական թեկնածուների միջև տարբերությունը կազմում է 3 տոկոսը՝ հօգուտ Պակ Կին Հեի: Չնայած քարոզարշավի ժամանակ նրանք «նոր քաղաքականության» խոստում են տվել, նախընտրական պայքարի անցկացման մեթոդները այնքան հին են եղել, որքան աշխահը՝ փոխադարձ մեղադրաքներ, մրցակցին ցեխոտել, վարկաբեկել և այլն:
Նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին:







































