Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շոտլանդացի ազգայնականներին առաջարկել է մասնակցել տարածաշրջանային իշխանությունների մարմիններին լիազորությունների փոխանցման գործընթացի շարունակման բանակցություններին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին Քեմերոնը հայտարարել է՝ մեկնաբանելով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթել են Մեծ Բրիտանիայի միասնության կողմնակիցները:
Քեմերոնի խոսքով՝ «Շոտլանդիայի ազգային կուսակցության» (ՇԱԿ) առաջնորդ Ալեքս Սալմոնդն ընդունել է իր առաջարկը:
«Ես հենց նոր խոսեցի Ալեքս Սալմոնդի հետ՝ նրան շնորհավորելով լարված արշավի կապակցությամբ: Ուրախ եմ, որ ՇԱԿ-ը կմիանա իշխանության հետագա փոխանցման բանակցություններին»,- հայտարարել է Քեմերոնը:
Նա խոստացել է ավելի լայն հնարավորություններ տալ Շոտլանդիային, նաև Ուելսին, Անգլիային և Հյուսիսային Իռլանդիային: Նա նշել է, որ իր կառավարությունը կկատարի Շոտլանդիայի խորհրդարանին հարկերի, բյուջետային ծախսերի և սոցիալական ապահովման ոլորտում նոր լիազորություններ տրամադրելու պարտավորությունները:
Քեմերոնի խոսքով՝ իշխանության փոխանցման մասին առաջարկները կպատրաստվեն նոյեմբերին, համապատասխան օրինագիծը խորհրդարան կմտցվի հաջորդ տարվա հունվարին:









































