Monday, 06 07 2026
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Բացման խոսքով հանդես եկավ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` հանգամանորեն անդրադառնալով եկեղեցական-ներկայացուցչական ժողովի աշխատանքների կարևորությանը` ուղղված Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արգասավորմանը:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի մասնակից 155 պատվիրակներին:

«Սիրելի hոգևոր Հայրեր,

Սիրեցյալ հավատավոր զավակներ Մեր,

Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ ազգիս նվիրական հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի օրհնաբաշխ հովանու ներքո Աստծո կամոք վերստին համախմբվել ենք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի` այս նոր, ընդլայնված կազմով: Ողջունում ենք ներկայությունը Նվիրապետական մեր Աթոռների ներկայացուցիչների` Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը ներկայացնող Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Մենք մեծապես կարևորում ենք մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները և աշխարհասփյուռ մեր թեմերը ներկայացնող այս ժողովի գործունեությունը, որը պիտի զբաղվի Հայ Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման, ներեկեղեցական կյանքի կազմակերպման և եկեղեցական հոգեխնամ առաքելության լավագույնս արդյունավորման հարցերով: Այս առումով կարևորում ենք նաև նախորդ տարի մեր Եկեղեցու` Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց աննախադեպ ժողովի գումարումը, որը նույնպես պիտի դառնա պարբերական` զորացնելով տիրավանդ մեր առաքելությունը: Արդի ժամանակների նոր պայմանները և մարտահրավերները բերում են եկեղեցական ոլորտում առավել կազմակերպված ու հետևողական գործունեության հրամայականը: Այսօր մեր ժողովրդի հոգևոր- եկեղեցական կյանքում հառնած խնդիրները կարիքն ունեն հրատապ լուծման և միասնական առավել քաջեռանդ գործունեության և գործակցության:

Սիրելիներ, Եկեղեցու կենսունակության և զորության ակունքները բխում են անխորտակ վեմից քրիստոսապատվեր սիրո, որը միմյանց է շաղկապում ու միավորում Եկեղեցու յուրաքանչյուր զավակի, համայնքի յուրաքանչյուր անդամի սիրտը, կյանքն ու գործերը: Այսպես և եկեղեցական մեր կառույցների գործունեությունը, ինչպես և` դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու ջանքերը շարունակ պիտի իրագործվեն միմյանց հանդեպ սիրո և ծառայության ոգով, որի վերաբերյալ մեր Տերը հանձնարարեց. «Ձեզնից ով կամենա մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը. և ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորին ծառա թող լինի. որովհետև մարդու Որդին էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու» (Մարկ. 10.43-45): Եղբայրական սիրո և միմյանց հանդեպ նախանձախնդրության այս ոգին պիտի դարձնենք ուժն ու լծակը հոգևոր-եկեղեցական և ազգային մեր կյանքի բարեփոխման ու զորացման, որին կոչված է նաև այս ժողովը:

Ժողովի գործունեությունն առավել կազմակերպված և արդյունավետ իրականացնելու նպատակով օրակարգում ներառնված է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի քննարկումը: Ժողովի օրակարգում է շարունակում մնալ նաև Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացին վերաբերող հարցը: Գնահատանքով անդրադառնալով այս ուղղությամբ կատարված աշխատանքներին, պիտի արձանագրենք, որ տակավին ավարտին չեն հասել թեմական կանոնադրությունների բարեփոխման աշխատանքները` համաձայն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից հաստատված կանոնադրության ուղենիշի: Եկեղեցական կյանքի կանոնակարգման հապաղումները տկարացնում են Եկեղեցու առաքելությունը` շարունակելով տեղիք տալ կամայական դրսևորումների: Վերստին ընդգծենք, որ կանոնադրության ուղենիշը հիմնված է մեր եկեղեցական իրավունքի ու կանոնների վրա և երբեք չի սահմանափակում թեմերի իրավասություններն ու լիազորությունները: Նախորդ տարիներին այս առումով հնչել են թյուր մեկնաբանություններ, դրսևորվել անհարկի կասկածամտություն, որոնք արդյունք են մեր Եկեղեցու կանոնական դրույթներին, ինչպես և առաջարկվող ուղենիշի սկզբունքներին անտեղյակության, նաև հարմարվողականության հոգեբանության և ամրագրված կարծրատիպերի: Մինչ օրս իրականացվել են բացատրական և տեղեկատվական ընդգրկուն աշխատանքներ: Ներկայիս այլևս անհասկանալի և անընդունելի է որոշ թեմերում Թեմական կանոնադրության ուղենիշի որդեգրման գործընթացի անավարտ վիճակը, և հարկ է պատշաճ նախանձախնդրություն դրսևորելովª մոտ ժամանակներում ավարտին հասցնել աշխատանքները:

Անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձվի նաև այն իրողությանը, որ թեմական-համայնքային մեր կյանքը մեծ ազդեցություն է կրում մեր ժողովրդի տեղաշարժերից: Համայնքները համալրվում են նոր անդամներով, սակայն տարիներ շարունակ ընթացող այս փոփոխությունները չեն արտացոլվում թեմական կառույցների գործունեությունից ներս: Առկա է համայնքի անդամների անհամաչափ ներգրավվածություն թեմական գործընթացներում: Կարող ենք արձանագրել, որ հաճախ թեմի տարածքում բնակվող հայորդյաց թվի համեմատ բավական նվազ է հոգևոր-եկեղեցական կյանքին, միջոցառումներին ու ձեռնարկներին նրանց մասնակցությունը: Այս խնդիրների առջև անհրաժեշտ է առավել զորացնել քարոզչությունը, հոգեխնամ առավել ընդգրկուն գործունեություն ծավալել, Եկեղեցու գործուն անդամների շարքերում ներգրավել թեմի կամ ծուխի հոգևոր իրավասության ներքո ապրող և դեռևս եկեղեցական կյանքին միայն մասնակիորեն հաղորդակցվող հայորդյաց: Սփյուռքում շարունակում են մտահոգող մնալ նոր սերնդի ազգային գիտակցության պահպանման, մայրենի լեզվի իմացության ու գործածության, խառն ամուսնությունների մարտահրավերները: Անհրաժեշտ է նոր ծրագրեր իրագործել` երիտասարդներին ազգայինի ծիրից ներս պահելու, հոգևոր և ազգային արժեքներով դաստիարակելու և կրթելու ուղղությամբ:

Մեր օրերի աշխարհայնացման ընթացքները, բարոյական ընկալումների հաճախակի աղավաղումը, հասարակության կյանքում քրիստոնեության ունեցած կարևոր դերի գիտակցման նվազումը ավերիչ ներգործություն են ունենում նոր սերնդի աշխարհընկալման ու հավատքի հարցերում: Արդարև, յուրաքանչյուր թեմում ունենք եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություններ, Մայր Աթոռի հովանու ներքո ստեղծվել է բոլոր թեմերից երիտասարդներ ընդգրկող Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպությունը, գործում են կիրակնօրյա դպրոցներ, Հայորդյաց տներ: Կատարված աշխատանքներով հանդերձ` հարկ է մեծ ջանքեր ներդնել Հայաստանում և Սփյուռքում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության մեջ երիտասարդներին լայնորեն ներգրավելու, նրանց հոգևոր-կրոնական գիտելիքները, հավատքն ու նախանձախնդրությունը զորացնելու համար:

Առաջիկա տարի ազգովի նշելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խնկարկելու ենք մեր նահատակների հիշատակի առջև` ամրանալով մեր կամքի ու հավատի մեջ` արդար ավարտի հասցնելու մեր դատը: Մեծ տարելիցը ջանալու ենք դարձնել ազգային մեր կյանքի զորացման և Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ազդակ ու հանգրվան: Այս առիթով մեր Եկեղեցին պիտի կատարի մեր անմեղ զոհերի սրբադասումը: 2015 թ. Սուրբ Էջմիածնում կատարելու ենք նաև սրբազան Մյուռոնի օրհնություն` ի մխիթարություն մեր ժողովրդի և ի զորացում մեր հավատքի ու քրիստոնեական արժեքների, մեր ժողովրդի միասնականության և Մայր Աթոռի ու Մայր հայրենիքի շուրջ համախմբման:

Սիրելիներ, քաջ գիտեք, որ մեր Սուրբ Եկեղեցու փրկարար առաքելության անբաժան մասն է հայապահպան և հայրենաշեն գործունեությունը, որի իրականացմանը Աստծո օրհնությամբ իրենց նպաստն են բերում աշխարհասփյուռ մեր թեմերի բազում հավատավոր հայորդիներ: Մեր ժողովրդի հոգում անքակտելիորեն կապված են հավատքի եռանդը և հայրենիքի սերը, որոնք միշտ արթուն ու վառ պիտի պահպանենք: Անտարակույս է, որ մեր լուսավոր ապագան պիտի կերտենք հայրենի պետականության ամուր հիմքերի վրա: Ազգային պետականությունն է այն բարեբեր հողը, որի վրա ժողովուրդները բացահայտում և դրսևորում են իրենց հոգևոր ներուժը, կայանում իրենց ինքնությամբ, կյանքի կոչում իրենց իդեալները: Ներկայիս մեր հայրենիքը անկախության երկու տասնամյակների ձեռքբերումներով հանդերձ` կանգնած է նաև տնտեսական, սոցիալական խնդիրների ու դժվարությունների, քաղաքական մարտահրավերների առջև: Վերջին ամիսներին Արցախի և Հայաստանի սահմաններում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը վկայեցին, թե որքան անկայուն է խաղաղությունը: Մեր ժողովրդին հուզում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Հայաստանի անօրինական շրջափակման վերացման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հիմնախնդիրները, Մերձավորն Արևելքում, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքների, հայորդիների խնդիրներն ու դժվարությունները, որոնց մասին մեր Եկեղեցին բարձրաձայնում է միջեկեղեցական ատյաններում, դրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնում պետությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու այրերին, ինչպես և մշտահունչ հորդորում ու քաջալերում է համայն հայությանը` միասնական ուժերով լուծելու ազգային հիմնախնդիրները: Ներկայացուցչական այս ժողովը կոչված է նաև խորհելու և քնննարկելու Հայրենիքին սատարելու, համազգային կյանքում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ այն ծրագրերն ու առաջարկները, որոնք կարող ենք իրականացնել մեր Սուրբ Եկեղեցու և եկեղեցական կառույցների միջոցով:

Հավատում ենք, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գործունեությունը նպաստելու է մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորմանը, մեր ժողովրդին հուզող հարցերին հրատապ անդրադառնալով, առաջարկներ ու ծրագրեր ներկայացնելով և համապատասխան որոշումներ կայացնելով աջակցելու է Ազգային-եկեղեցական ժողովի աշխատանքներին` միասնական առաքելությամբ նոր ձեռքբերումներ արձանագրելու ազգային-եկեղեցական կյանքում:

Աղոթում ենք ի խորոց սրտի, որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ բազմարդյուն լինի ընթացքը այս ժողովի, և Բարձրյալն Աստծո զորակցությունն ու աջակցությունը ուղեկից լինեն մեզ հավատավոր մեր ժողովրդին սպասավորության ճանապարհին: Հայցում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն ու առաջընթաց շնորհի համայն հայությանը և մեր Մայր Հայրենիքին և Իր ամենախնամ Սուրբ Աջով միշտ անսասան ու պայծառ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղեցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն», – ասել է Նորին Սրբությունը:

Հայրապետական օրհնությունից ու պատգամից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունից ժողովականներին ողջունեց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: «Հավաքված ենք այստեղ միասնաբար քննարկելու հույժ կարևոր եկեղեցական և ազգային հարցեր, որոնք լուծման կարոտ են: Ցանկալի է, որ այդ հարցերին մոտենանք խորը գիտակցությամբ և լրջությամբ ի շահ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և համայն հայ ժողովրդի», – ասաց Արիս Սրբազանը` անդրադառնալով նաև Միջին Արևելքի երկրներում տիրող անհանգիստ իրավիճակին, որը վտանգում է նաև հայ քրիստոնյաների ներկայությունը Միջին Արևելքի այդ երկրներում:

Ժողովականներին ողջունել է նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` գոհություն հայտնելով Երկնավորին, որ առիթ է ընծայել մեկ անգամ ևս համախմբվելու Մայր Աթոռի հովանու ներքո: «Նման ժողովների գումարումները շատ կարևոր իրադարձություններ են, մանավանդ ներկայումս, երբ Հայ Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի դրսևորելու միասնականությամբ զորացած կեցվածք` դիմադրելու համար այլազան անբաղձալի հոսանքների ավերիչ զորությանց: Դարձյալ` նման ժողովներն իրենց գոհացուցիչ արդյունքները կունենան, երբ կծառայեն Հայ Եկեղեցու գոնե մեկ անդամի հավատքի ամրապնդմանը և հոգևոր կյանքի շինությանը», – նշեց Արամ Սրբազանը` այս ժողովն արտահայտությունը նկատելով Եկեղեցու հոգևորական և աշխարհական դասերի միասնականության, որով ժողովականներն առ Աստված ապավինությամբ պետք է աշխատեն` ի մտի ունենալով Հայ Եկեղեցու անսասանությունն ու բարեկարգությունը, հոգևոր բարգավաճումն ու զորացումը:

Ժողովի բացմանը հետևել է դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և դոկտոր Վարուժան Ալթըբարմաքյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), փոխատենապետեր ընտրվեցին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և տիար Հովհաննես Հովհաննիսյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ): Հաշվիչ հանձնախմբի անդամ ընտրվեցին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, դոկտոր Լին Չետին (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) և տիկին Ռուզաննա Չոփիկյանը (Արթիկի թեմ):

Եռօրյա ժողովի օրակարգում կքննարկվեն Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու հարցը, ինչպես նաև Թեմական ուղենշային փաստաթղթի թեմական կանոնադրություններում ներդրման արդյունքները և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը: Ժողովին իրազեկում կտրվի Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում