Թուրքիան վավերացրել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հետ փոխըմբռնման մասին հուշագիրը: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը թուրքական Resmi Gazete թերթի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հուշագիրն ուժի մեջ կմտնի վավերացման օրվանից:
TANAP նախագծի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը 2014-ի մայիսի 26-ին Անկարայում ստորագրել էին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նաթիգ Ալիևը:
TANAP-ը նախատեսում է ադրբեջանական Շախ-Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով գազի փոխադրում մինչև Եվրոպայի հետ սահման:
Սպասվում է, որ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 մլրդ խմ: Մոտ 6 մլրդ խմ կփոխադրվի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա: Հետագայում գազատարը կարող է ընդլայնվել մինչև 31 մլրդ խմ-ի տարեկան:
TANAP-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թ.: Նախագծի արժեքը գնահատվում է 10-11 մլրդ դոլար:







































