Խորվաթիայի վարկային վարկանիշը Standard & Poor’s վարկանիշային գործակալության կողմից իջեցվել է մեկ աստիճանով: Այն «BBB-»-ից դարձել է «BB+»: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Այսպիսով՝ բալկանյան երկրի պարտատոմսերը գնահատվում են «աղբային»: Միևնույն ժամանակ S&P-ը «կայուն» է կանխատեսել Խորվաթիայի պարտքային պարտավորությունները՝ կանխագուշակելով, որ մոտ ժամանակներս վարկանիշի նոր իջեցումը քիչ հավանական է: Այժմ արդեն Խորվաթիայի վճարունակությունը իջել է Ռումինիայի և Ինդոնեզիայի մակարդակին:
S&P-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ պետության ֆինանսները կայունացնելու և տնտեսական աճ ապահովելու կառավարության ջանքերը բավարար չեն: Խորվաթիայի տնտեսությունն անկում է ապրում արդեն 4-րդ եռամսյակն անընդմեջ: Պաշտոնական կանխատեսմամբ՝ 2012-ին ՀՆԱ-ի անկումը կկազմի 2 տոկոս, իսկ 2013-ին տնտեսական աճը զրոյական կլինի:









































