Ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգոն» (Django Unchained) ֆիլմի պրեմիերան, որը կայանալու էր երեքշաբթի, հետաձգվել է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,- հաղորդում է Reuters-ը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում Նյութաունի ողբերգության զոհերի ընտանիքիներին և որոշել ենք հրաժարվել նախատեսված իրադարձությունից ազգային սգո ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը կինոստուդիայի պաշտոնական ներկայացուցչի բառերը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կկայանա ֆիլմի փակ ցուցադրություն դերասանների, նրանց հարազատների և ընկերների համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան տանը սպանել է իր մորը, ապա «Սենդի Հուք» տարրական դպրոցում գնդակահարել է 26 մարդու (այդ թվում՝ 20 երեխայի), որից հետո ինքնասպանություն է գործել:









































