Թուրքիայի բանակը ծրագրեր է մշակում երկրի հարավային սահմանում բուֆերային գոտու հնարավոր ստեղծման մասին՝ «Իսլամական պետության» գրոհայինների սպառնալիքների պատճառով, ովքեր կռվում են հարևան Սիրիայում և Իրաքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Թուրքիայի կառավարությունը կգնահատի ծրագրերը և կորոշի՝ արդյոք պե՞տք է ստեղծել բուֆերային գոտի: Նշվում է, որ դեպքերի նման զարգացման մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Քաթար կատարած իր այցից հետո:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ Էրդողանի նախագահական գրասենյակը հաստատել է, որ նա հանդես է եկել նման հայտարարությամբ, սակայն չի հստակեցվել, թե հատկապես որ սահմանի մոտ կարող է ստեղծվել բուֆերային գոտի: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ԱՄՆ պետքարտուղար Քերին հաստատել են Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու մտադրությունները:





































