Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կոշտ քննադատությամբ է հանդես եկել՝ ուղղված իսրայելական կառավարության դեմ, որը հաստատել է Երուսաղեմի Ռամաթ Շլոմո շրջանում 1500 բնակարանների շինարարության նախագիծը:
Մահմուդ Աբասը ՄԱԿ-ում իր ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրին հանձնարարել է անհապաղ զբաղվել հասարակական կարծիքի նախապատրաստմամբ՝ Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Աբասը հույս ունի, որ միջազգային հանրությունը կարող է ստիպել Իսրայելին հրաժարվել շինարարությունից:
Պաղեստինի ազգային վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Նաբիլ Աբու Ռդեյնան, հայտարարել է, որ Իսրայելն արհամարհում է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ճանաչել է պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմաններով, ինչպես նաև հաշվի չի առնում պաղեստինցիների և մյուս արաբների զգացմունքները: Նրա խոսքով՝ այդպիսով իսրայելական կառավարությունը իրեն մեկուսացման մեջ է դնում:









































