Երկրագնդի ամենատարեց բնակչուհին, ով երկու շաբաթ առաջ էր ստացել այդ կարգավիճակը, երկուշաբթի օրը մահացել է Այովա նահանգում՝ 115 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկացնում է France Press-ը:
Ծնունդով Իտալիայից Դինա Մանֆրեդինին, վախճանվել է Դե-Մոյն քաղաքում: Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով՝ կինը իր կյանքի մեծ մասը տնային տնտեսուհի է եղել, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ, սակայն բավականին մեծ տարիքում սկսել է առանձնատներում հավաքարար աշխատել և դրանով զբաղվել է մինչև 90 տարեկան հասակը:
Մանֆրեդինին, ով մինչև 110 տարեկանն առանց օգնության է ապրել, այս տարվա դեկտեմբերի 5-ին արժանացել է «ամենատարեց մարդու» տիտղոսին այն բանից հետո, երբ Ջորջիա նահանգում 116 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի Բեսս Կուպերը:
Մանֆրեդինիի վախճանից հետո երկրագնդի ամենատարեց մարդն այժմ 115-ամյա ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է, ով ամերիկուհուց 15 օր հետո է ծնվել՝ 1897 թ. ապրիլի 19-ին:









































