Օրեր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ քրեական գործն է հարուցել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Նրան կասկածում են 700 հազար դոլար հափշակելու մեջ:
Եվ սա այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Վ․ Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է Հայրապետյանի կալանավորման հարցը, իսկ Պուտինն էլ թեպետ նշել է , որ Լևոն Հայրապետյանին չի ճանաչում, այդուհանդերձ խոստացել է ուսումնասիրել այդ խնդիրը:
Լևոն Հայրապետյանի ընկերն ու վստահված անձը՝ Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երեք օր անցկացրել է Մոսկվայում և նախապես էլ իմացել, թե ինչ է սպասվում կայանալիք դատական նիստի ընթացքում. «Ես երեք օր է՝ Մոկսվայում էի, դատի օրից մեկ օր առաջ եմ վերադարձել Ֆրանսիա, նույնիսկ այնտեղ մեր ընկերները հարցնում էին՝ չե՞ս ուզում մեկ օր էլ ներկա լինել՝ դատին մնաս, ես էլ հրաժարվեցի:
Պատկերացրեք այդ թատրոնը, բեմադրությունը, ռեժիսորը ամեն ինչ նախօրոք կար, ստորակետներով գիտեի ամեն ինչ, իմ մնալն ու այդ անհաջող թատրոնը դիտելն անմաստ էր»,-ասաց նա:
Փոլադյանն ընդգծեց նաև, որ դեռ մեկ շաբաթ առաջ գիտեր, թե ինչ է լինելու դատական նիստի ընթացքում, այդ պատճառով էլ վստահ է, որ սա պարզապես հետապնդում է Լևոն Հայրապետյանի դեմ. «Այդ ո՞նց է լինում, որ նախապես ամեն ինչ գիտեի, ի՞նչ տեսակ դատախազություն է, երբ մարդիկ ամբողջ սցենարը գիտեին Մոսկվայում։ Ես դրա համար չմնացի այդ թատրոնը դիտելու»:
Նրա դիտարկմամբ՝ նպատակը շատ հստակ է՝ Լևոն Գուրգենիչին այնտեղ ֆիզիկապես ոչնչացնել. «Այդ հիվանդություններով նրան վաղուց պետք է հիվանդանոց տեղափոխած լինեին, բայց նույնիսկ դա չեն անում: Ամեն ինչ շատ հստակ է»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «միջնորդությանը» Հայրապետյանի գործով, Մացակ Փոլադյանն ասաց. «Բոլորս էլ լսեցինք, որ Սերժ Սարգսյանը Պուտինին խնդրել է, բայց իսկապե՞ս ասել է, Պուտինը իսկապե՞ս հետաքրքրվում է այս հարցով, թե՞ ոչ՝ մենք արդեն չենք կարող ասել»:








































