Նախաամանորյա շրջանում սննդամթերքի շուկայում մրցակցությունը սրվում է, ու կարծես, գոնե ժամանակավորապես, մրցակիցներին մեկուսացնելու կամ գոնե դերը նվազեցնելու խնդիր է դրվում:
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում, որի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:
Ընդ որում՝ նշվել է, որ «օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա»: Խաչատրյանը հերքել էր այդ լուրը ու հայտարարել, որ նմանատիպ խնդիր չկա:
«ԵԹՖ-ում ստուգումներ իրականացվել են, և խախտում չեն գտել: ԵԹՖ-ին ընդհանրապես չեն տուգանել: Խախտում չի եղել ընդհանրապես, ու այդ մասին ծառայությունը պաշտոնապես հաղորդագրություն է տարածել»,- «Առաջին լրատվական»-ին պարզաբանեց ԵԹՖ ներկայացուցիչը:
Նրա ենթադրությամբ՝ հնարավոր է, որ մամուլում հայտնված լուրերը պատվեր են կամ` «հետաքրքիր նյութ է՝ իմիջ բարձրացնելու համար»: Ֆաբրիկայի ներկայացուցիչը նշեց` եթե խախտում լիներ, հասկանալի կլիներ հրապարակումը, իսկ «նման դեպքում դա արդեն լրագրողական էթիկայի խախտում է»:
Սննդի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հավկիթի շուկայում վերջին շրջանում ստուգումներ չեն իրականացվել, հետևաբար՝ նաև տուգանքներ չեն եղել: Նա նշեց, որ վերջին ուսումնասիրությունները հավկիթի շուկայում կատարվել են այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍՊԾ-ն սեպտեմբերին ԵԹՖ-ի, «Լուսակերտ ՏԹՖ»-ի, «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ի, «Աշտարակ ձու»-ի որոշ խմբաքանակի ձվերում հայտնաբերել էր շեղումներ՝ կեղևի մաքրության, սպիտակուցի խտության և դեղնուցի կայունության մասով:








































