Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը ընդդիմությանը կասկածում է Եգիպտոսի նախագահ Մուահամմեդ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ: Այս մեղադրանքով, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, հանդես է եկել «Ազատութուն և արդարություն» կուսակցության անդամ Մուհամմեդ Յակուտը:
Նրա խոսքերով՝ երկրի ղեկավարի առևանգման պլանի հեղինակներն ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատի» ղեկավարներն են՝ Մուհամմեդ Ալ-Բարադեյը, Ամր Մուսան ու Համդին Սաբահին, ովքեր դավադիր կապի մեջ մտնելով Պարսից ծոցի ստորաբաժանման հետ՝ պատրաստում էին հարձակում՝ Կահիրեում Մուրսիի պալատի վրա:
Յակուտն «արաբ դավադիրների» թվում անվանել է նաև Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ–Նահյանին, ԱՄԷ-ում գտնվող՝ Եգիպտոսի նախկին ղեկավար Ահմեդ Շաֆիկին ու Դուբայի ոստիկանապետ Դախի Խալֆանին:
Մասնավորապես, ըստ պուտչի կազմակերպիչների, 150 լավ պատրաստված զինյալներ պետք է ներթափանցեին ու առևանգեին Մուրսիին: Դրանից հետո իբր ծրագրվում էր հայտարարություն տարածել նրա փախուստի ու քաղաքացիական նախագահական խորհրդի ստեղծման մասին:
Ինչպես հայտարարել է Յակուտը, այդ տեղեկությունն իրենց ձեռքն է ընկել էմիրաթական հետախուզության տվյալների արտահոսքի հետևանքով:
Ընդդիմադիրներն արդեն այս հայտարարությունն անվանել են «հորինվածք»՝ նշելով, որ չեն պատրաստվում արձագանքել դրան։









































