Եվս մեկ պատճառ սննդակարգում շոկոլադի չափաբաժինը մեծացնելու համար. Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության բժիշկները նոր հետազոտությամբ պարզել են, որ շոկոլադը հազի կանխարգելիչ միջոց է:
Հետազոտությանը մասնակցել է քրոնիկ հազով տառապող 300 հիվանդ: Նրանց տրվել է տեոբրոմին՝ ալկոլոիդ, որը ստացվում է կակաոյի բույսից: Նրանք դա ընդունել են 14 օր, օրական երկու անգամ: Նախնական տվյալներով՝ բուժման արդյունքում հիվանդների 60 տոկոսի մոտ հիվանդությունը զգալիորեն թուլացել է: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Փորձի ժամանակ կիրառված տեոբրոմինի չափաբաժինը կազմել է 1000 մգ: Սև, դառը շոկոլադի մեկ ունցիան՝ 28 գրամը, պարունակում է մոտ 450 մգ տեոբրոմին, քաղցր մուգ շոկոլադը` մոտ 150 մգ, իսկ կաթնային շոկոլադը՝ 60 գ:
Օրական մեկ կտոր մուգ շոկոլադ ուտելը արդյունավետ կերպով կազդի քրոնիկ հազի վրա:
Հետազոտողները կարծում են, որ տեոբրոմինը կարողանում է ազդել հազի հետ առնչվող նյարդերի գործունեության վրա, և ավելի արդյունավետ է, քան քրոնիկ հազի բուժման համար լայնորեն կիրառվող կոդեինը:







































