Թաիլանդի ուսումնական հաստատություններից հետ են կանչվել պոռնոաստղի լուսանկարով դասագրքերը, հաղորդվում է երկրի կրթության նախարարության կայքում, գրում է Lenta.ru-ն:
Հրատարակիչ-ընկերությունը գրքերի կազմին մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի լուսանկարի հայտնվելը բացատրել է նրանով, որ նկարիչները համացանցում դասագրքերի համար պատկերներ են փնտրել, սակայն չեն պարզել, թե ով է այդ լուսանկարներում: Նախարարության աշխատակիցները նշել են, որ դասագրքերի վրա պատկերված է եղել ճապոնացի մի պոռնոաստղ:
Հրատարակության ընդհանուր տպաքանակը 3000 օրինակ է կազմել, որոնցից ուղարկվել են Թաիլանդի 10 քոլեջներ: Նախարարության ներկայացուցիչները բացատրել են, որ դասագրքերը կփոխարինվեն փոխված շապիկով դասագրքերով:
Կրթության նախարարությունը կոչ է արել հրատարակիչներին զերծ մնալ համացանցից վերցված լուսանկարներն օգտագործելուց և կիրառել միայն սեփական նկարներն ու լուսանկարները:









































