Գրող Միշել Ուելբեկը՝ հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի դափնեկիրը, չվախենալով բարձր հարկերից, Իռլանդիայից, որտեղ ապրում էր վերջին տարիներին, վերադառնում է Ֆրանսիա։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական RFI ռադիոկայանը:
Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի նախօրեին սոցիալիստների ղեկավար Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով 2013-ից տարեկան ավելի քան 1 մլն եվրո վաստակող քաղաքացիների համար մինչև 75 %-ի չափով հարկ սահմանելու մասին:
«Ես ընտրել եմ Ֆրանսիան ու ոչ այլ ֆրանկոֆոն երկիր (Բելգիա կամ Շվեյցարիա) անձնական պատճառներով՝ դրանից ոչ մի դեմարշ չսարքելով: Փողերը կարևոր են, սակայն դա ամենակարևորը չէ: Գլխավորն այն է, որ ես ցանկանում եմ մշտապես խոսել իմ մայրենի լեզվով»,- ռադիոկայանը մեջբերում է Ուելբեկի խոսքերը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն բաց նամակ էր ուղղել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին, որտեղ նշում էր, թե հրաժարվում է ֆրանսիական անձնագրից ու սոցիալական ապահովագրությունից: Նա վիրավորական էր համարել «հարուստների հարկերը» մինչև 75 % բարձրացնելու ֆրանսիական կառավարության մտադրությունը։
Միշել Ուելբեկը ծնվել է 1958 թ.: Նա աշխարհում ամենակարդացվող ֆրանսիացի գրողներից է: Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ իր «Պայքարի տարածության ընդլայնումը», «Կղզու հնարավորությունը», «Տարրական մասնիկներ» սադրիչ վեպերով։
Գրողը Ֆրանսիայից հեռացել էր 1990-ականներին և բնակվում էր Իսպանիայում ու Իռլանդիայում:









































