ԳԽ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի կարծիքով՝ «թեժ աշնան» հանրահավաքները բոլորովին այլ պահանջով պետք է լինեին և դեռ մեկ տարի առաջ: Նա նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ մեր քաղաքական կյանքը բոլորովին համարժեք չէ իրողությանը:
«Իսկ սրանից մի շաբաթ առաջ Հայաստանի քաղաքական օրակարգն էապես փոխվել է: Մենք անկախության հռչակումից հետո ապրում էինք մի այլ աշխարհում, որը կոչվում էր համագործակցության աշխարհ: Մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահը Ուելսում մի ֆորումի մասնակցեց, որն էապես փոխեց ամեն ինչ: Արևմուտքը ամբողջ աշխարհին բաց հայտարարեց, որ գոյություն ունի լուրջ հակամարտություն արևմուտքի ու ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Այսինքն՝ եթե դրանից առաջ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները գործընկերային էին, այդ գործընկերային հարաբերությունները ավարտվեցին, և սկսվեց հակամարտությունը՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին հակառակորդ դարձավ»:
Ազատ Արշակյանը հավելեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, տագնապած է․ «Ստրատեգիական դաշնակից ենք, Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայված. դա նշանակում է, որ մենք նույնպես ՆԱՏՕ-ի հակառակորդն ենք, այսինքն՝ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը, իմ տունը ՆԱՏՕ-ի համար թիրախ են: Օրակարագը դա պետք է լինի, մենք թիր՞ախ ենք, մենք չեզո՞ք ենք, մենք ՆԱՏՕ-ի հե՞տ ենք, մենք ի՞նչ կարգավիճակում ենք:
Ես ընդունում են, որ կա քաղաքական ընդդիմություն, բայց այդ ընդդիմության ծրագիրը իրականանալ չի կարող, դա հնացած և անհետաքրքիր է:
Հիմա մենք ի՞նչ պետք է լսենք հրապարակում՝ որ մենք շատ ենք, ուժեղ ենք, և մի ուրիշն է մեր տեղը զբաղեցրել. ինձ դա չի հետաքրքրում, ինձ հետաքքքիր է, թե մենք ում հետք ենք»:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ այդ 12 կետերը կարևոր են, բայց երբ կա պետականության խնդիրը, դա ավելի վատ է․ «Մենք պարզապես ներքաշվելու ենք մի կռվի մեջ, որը մերը չէ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































