Վանաձորի ավագանին այսօր հաստատեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքային դրույքաչափերն ու աշխատավարձերը: Ըստ այդմ` հայեցողական պաշտոն զբաղեցնողների համար ընդունվեցին աշխատավարձի հետևյալ չափերը. քաղաքապետ` 301 հազար դրամ, քաղաքապետի տեղակալ` 238 հազար, քաղաքապետի խորհրդական` 200 հազար, քաղաքապետի 2 օգնական` 133 հազարական, քաղաքապետի մամուլի քարտուղար` 109 հազար, քաղաքապետի ռեֆերենտ` 109 հազար:
Համայնքային ծառայության պաշտոնյաներից աշխատակազմի քարտուղարը կստանա 227 հազար: Քաղաքապետարանի բաժնի պետերի աշխատավարձը 175 հազար է` այն դեպքում, երբ Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետի աշխատավարձը 154 հազար է, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ) Վանաձորի տարածքային բաժնի պետինը` 104 հազար:
Քաղաքապետարանի բաժնի պետի տեղակալների աշխատավարձը 133 հազար է, իսկ Սոցիալական ծառայության բաժնի պետի տեղակալինը` 109 հազար:
Քաղաքապետարանի բաժինների գլխավոր մասնագետների աշխատավարձը 109 հազար է, իսկ Սոցիալականի գլխավոր մասնագետինը` 83 հազար:
Քաղաքապետարանի բաժինների առաջատար մասնագետների աշխատավարձը 97 հազար է, Սոցիալականի առաջատար մասնագետինը` 74 հազար: Քաղաքապետարանում 74 հազար դրամ աշխատավարձ են ստանում երկրորդ կարգի մասնագետները: ԶԱԳՍ-ի առաջին կարգի մասնագետի աշխատավարձը 52 հազար 700 դրամ է, քաղաքապետարանում նույնքան աշխատավարձ է ստանում վարորդը (51 հազար), տեխնիկական աշխատողներն էլ` 47 հազար դրամ:
«Սոցծառայությունն ու Զագսը պետբյուջեից են ֆինանսավորվում, որովհետև պատվիրակված լիազորություններ են կատարում, առանձնացող ստորաբաժանումներ են: Ինչ պետությունը նախատեսել է, դրած է»,- նշված տարբերություններից միայն մեկը նկատած ավագանու անդամին դիմելով` պատասխանեց աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը:
Վերջինս, անդրադառնալով քաղաքապետարանում կադրային փոփոխությունների մասին լուրերին, ասաց, որ համայնքային ծառայության և տեխնիկական անձնակազմից ոչ ոք աշխատանքից դուրս չի մնա:
«Պաշտոն զբաղեցնողները օրենքի ուժով նոյեմբերի 23-ին ազատվել էին, քաղաքապետը դեռ ժամանակ ունի նշանակումներ կատարելու, գործընթացը ընթացքի մեջ է»,- նշեց Գ. Սիմոնյանը:
Ուշագրավ է, որ ազատված պաշտոնյաներից քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը հենց նույն օրն է վերանշանակվել պաշտոնում, մյուսների վերաբերյալ առայժմ հրամանագիր ստորագրված չէ:









































