Ռուս հայտնի ռոք երաժիշտ, «Ակվարիում» խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը, ով բոյկոտ էր հայտարարել մամուլին, հարցազրույց է տվել NEWSru Israel-ին, որտեղ պատմել է 30-ամյա վաղեմության «Եթե ես գնամ» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակի և Ռուսաստանում իրավիճակի վերաբերյալ իր տեսլականի մասին:
Տեսանյութը տեղադրվել է սեպտեմբերի 1-ին YouTube-ում: Երգը, որը «Ակվարիումի» արխիվներում էր մնացել ավելի քան 2 տասնամյակ, այսօր նորից արդիական է դարձել: Տեսահոլովակը արդեն ունի ավելի քան 70 հազար դիտում:
Գրեբենշչիկովը հայտնել է, որ նոր ալբոմը, որում պետք է ներառված լինի այդ երգը, պետք է լույս տեսնի նոյեմբերի 1-ին:
Գրեբենշչիկովը պնդում է, որ «իշխանությունը այլ բան է, երկիրը՝ մեկ այլ: «Ես իմ երկրին վերաբերվում եմ սիրով, այդպես էր մանկական տարիքում, այդպես էր 80-ականներին, այդպես է նաև հիմա: Ես ոչ մի իշխանության, բարեբախտաբար, սովոր չեմ վստահել, այնպես որ՝ հիասթափություն էլ չկա ոչ մի բանից»,- ասել է նա:
Գրեբենշչիկովը նկատել է, որ ոչ մի կերպ չի կարողանում Պետերբուրգում կամ Մոսկվայում շրջելիս իր տեսածը համադրել «այն կեղտի փոթորկի հետ, որ կա համացանցում»: «Փողոցներում ես տեսնում եմ մեծամասամբ նորմալ մարդկանց»,- խոստովանել է նա:
Երաժիշտի խոսքով՝ մարդիկ չեն փոխվում հին ժամանակներից, ու Ռուսաստանը, դատելով նրանից, թե ինչ են գրել իր մասին, այդ ամբողջ պատմության ընթացքում՝ նույնպես:
Նա հավելել է, որ «ցանկացած երկրի վարքագիծ, որպես օրենք, չի համապատասխանում երկրում իրերի իսկական դրությանը»:
«Կյանքի հրաշքն ամենուր է: Ու ինչպիսին էլ որ լինեին քաղաքական փոթորիկները, այստեղ, թե այնտեղ, կյանքի հրաշքը ոչ ոք չեղյալ չի հայտարարում»,- ասել է նա:








































