Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս և Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է և ելույթով հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով և հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու և 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:
Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները:








































