Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական անգամ բարեգործական նպատակներով այցելեցին Ստեփանակերտ: Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի ունեցող այցի նպատակն էր ամանորի նախաշեմին օգնել ազատամարտիկների ընտանիքներին: Շուրջ քսանմեկ ընտանիքներ Հենրիխ Մխիթարյանից ստացան կենցաղային տեխնիկա` սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ազատամարտիկները նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Հենրիխ Մխիթարյանին: Այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը ցանկություն չունի տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ, մեր կիսապաշտպանը պատասխանեց, որ, հնարավոր է, այդ տեղափոխությունը մի օր կայանա, բայց առայժմ ինքը «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ է և չի մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին:
Ազատամարտիկներից մեկը հարցրեց, թե Հենրիխ Մխիթարյանն ինչպես է վերաբերում այն դրվագներին, երբ իրեն խաղի ժամանակ հարվածում են: Մխիթարյանը նշեց, որ խաղի ընթացքում տեղի ունեցող բախումները ֆուտբոլի բաղկացուցիչ մասն են կազմում:
Պատասխանելով, թե ով է, իր կարծիքով, այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, Մխիթարյանը տվեց Անդրես Ինիեստայի անունը՝ պատճառաբանելով, որ չնայած Մեսսին և Ռոնալդուն նույնպես անչափ բարձրակարգ ֆուտբոլիստներ են, բայց Ինիեստան այս տարի ավելի մեծ նվաճումների է հասել:
Հնչեց հարց Մխիթարյանի ամենագեղեցիկ գոլի մասին: Մեր կիսապաշտպանը նշեց, որ ակումբի կազմում ամենագեղեցիկ գոլը խփել է «Կրիվբաս»-ի, իսկ հավաքականի կազմում՝ Մակեդոնիայի հավաքականի դարպասը:
Ներկաները նաև անդրադարձան Հենրիխ Մխիթարյանի մարդկային հատկանիշներին՝ հիշելով անցած մրցաշրջանի այն դրվագը, երբ Մխիթարյանը կարող էր ինքը գրավել մրցակցի դարպասը, բայց նախընտրեց փոխանցում կատարել իր խաղընկերոջը՝ Սելեզնյովին՝ օգնելով նրան դառնալ առաջնության լավագույն ռմբարկու:
Հանդիպումից հետո ներկաները լուսանկարվեցին Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպես նաև ստացան նրա ստորագրությամբ գնդակներ և մարզաշապիկներ:








































