Աֆղանստանի գերագույն ղեկավարության ներկայացուցիչները և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ վարել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան այս շաբաթ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի արվարձաններից մեկում:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հաստատել է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայն իր համաձայնությունն է տվել կառավարական պատվիրակության մասնակցությանը: Թալիբների հետ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ, սակայն շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենց կողմը պատրաստ է միայն լսել Աֆղանստանի կառավարության առաջարկը և արտահայտել իր պահանջները: «Թալիբան»-ը, սակայն, չի պատրաստվում մասնակցել որևէ պայմանավորվածությունների քննարկմանը կամ հաստատմանը:
Նշենք, որ երկար ժամանակ է՝ կողմերին չի հաջողվում սկսել ուղիղ երկկողմ բանակցություններ: Արևմտյան երկրներն իրենց հերթին գնալով ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում աֆղանական խնդրի խաղաղ լուծման հարցի նկատմամբ, քանի որ մեկ տարի հետո նրանք պետք է ավարտեն Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի առաքելությունը և Աֆղանստանից դուրս բերեն ուժերի միջազգային կոնտինգենտը:










































